Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույց անողների մի մասը դեմ չեն հանդիպել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եթե հանդիպումը բաց լինի եւ լուսաբանվի ուղիղ եթերում (ֆոտոռեպորտաժ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկնել է ավելի վաղ հնչած առաջարկը՝ հինգ ակտիվիստների հետ նախագահի հանդիպման վերաբերյալ, սակայն որոշ ակտիվիստներ պահանջում են բաց հանդիպում անել։ Նրանք վստահ են, որ փակ հանդիպումն անընդունելի է։

Երեւանի փոխոստիկանապետը ցուցարարներին հորդորում են հեռանալ, քանի որ առավոտյան ինքը պետք է գնա լողավազան, իսկ ակցիան խանգարում է իր առողջ ապրելակերպին։ 

Այս պահին նստացույցը շարունակվում է Բաղրամյան պողոտայում։ Տարածքում է նաեւ Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, որը պնդում է, որ ցուցարարները տեղափոխվեն Ազատության հրապարակ, այլապես նա սպառնաց ցրել հավաքվածներին։ 

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ 

Իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հրահանգում էր լքել պողոտան, ի պատասխան ցուցարարները որոշել էին չլքել տարածքը եւ նստացույց էին անում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: