Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը շարունակվում է Բաղրամյան պողոտայում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանության շարքերում ակտիվություն է նկատվում, առաջին շարքում գտնվող ոստիկանները սաղավարտներ են հագնում։ Տարածքում շրջում է ոստիկանության զորքերի հրամանատար Լյով Երանոսյանը։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը բարձրախոսով հայտնել է, որ անկախ զարգացումներից, երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում հավաք է լինելու։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։
Իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հրահանգում էր լքել պողոտան, ի պատասխան ցուցարարները որոշել էին չլքել տարածքը եւ նստացույց էին անում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























