Երեւանում հունիսի 22–ին տեղի ունեցավ արձակագիր, բժիշկ, գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա նկարահանված է «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է «Արմենիա» նավի շուրջերկրյա ճանապարհորդություն–գիտարշավի մասին։
«Հայոց պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն է տեղի ունեցել: Նավի երկու կողմերում Մեսրոպ Մաշտոցի 36 տառերն էին, ծաղկած խաչը, լատինատառ «Արմենիա» անվանումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զորի Բալայանը` նշելով, որ ճանապարհորդության ընթացքում հանդիպել են տարբեր երկրներում ապրող հազարավոր հայերի։
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավի կարեւորագույն դրվագներից մեկը Զորի Բալայանը համարում է Արգենտինայի Հորն հրվանդանն անցնելը։
«Դա ամենաբարդն էր, քանի որ այդտեղ անընդհատ նավեր են խորտակվում, իսկ մենք կարողացանք բարձրանալ այդ ժայռը և այնտեղ գտնվող մատուռում տեղադրել ծաղկած խաչը, որի վրա գրված էր. «Ի հիշատակ, բոլոր անմեղ զոհերի հիշատակին»»,– ասաց Բալայանը։
Ֆիլմի ռեժիսոր, Վահե Գևորգյանցի խոսքով` ամենաբարդը կադրերի ընտրությունն էր. երկու տարի տեւած ճանապարհորդության ընթացքում արված 250 ժամ տեւողությամբ կադրերից մեկ ժամանոց ֆիլմ են պատաստել, միայն մեկ տարի աշխատել են կադրերի ընտրության վրա։
«Շատ բան ես ուզում մտցնես ֆիլմի մեջ, բայց պետք չէ ծանրաբեռնել այն։ Ուզում էինք շատ բան ներառել ֆիլմում, բայց հիմնական կատարվածը մենք ներառել ենք»,- ասաց նա։
Ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Դերձակյանն էլ նշեց, որ ամենահետաքրքիրը Ինդոնեզիայի Սուաբայա կղզու Սուրբ Գևորգ եկեղեցին էր, որը հայտնաբերել են ճանապարհորդները, և որի մասին վստահ է, որ ոչ բոլորը գիտեն։
Ֆիլմի օպերատորներներն են Սամվել Բաբասյանն ու Հայկ Բադալյանը, երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է։
«Արմենիայի» շրջագայությունն սկսվել է 2009թ. մայիսի 28-ին Միջերկրական ծովի ջրերից, նավը Ջիբլարթարի նեղուցով կտրել-անցել է Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսները` ավարտելով շուրջերկրյա ճանապարհորդությունը` 2011թ. օգոստոսի 5-ին Կիպրոսում, որտեղ նրանց դիմավորել են ՀՀ նախագահն ու Կիպրոսի նախագահը։ Այսպիսով «Արմենիան» իր անձնակազմով հատել է երեք օվկիանոս, հինգ մայրցամաք, բազմաթիվ քաղաքներ, հավաքել հայկական եկեղեցիների մասին տեղեկություններ, հանդիպել հայ համայնքների ներկայացուցիչների հետ։





























