Լեհաստանի սեյմի խոսնակ Ռադոսլավ Սիկորսկին պաշտոնապես հրաժարական է տվել։
Ենթադրվում է, որ մինչեւ նոր խոսնակի ընտրությունները նրա գործառույթները կկատարի տարիքով ամենաավագ փոխխոսնակ Եժի Վենդերլիխը։
Սիկորսկին իր հրաժարականի մասին հայտնել էր «աուդիոձայնագրության սկանդալից» հետո։ Հանրությանը հայտնի էր դարձել, որ Վարշավայի երկու ռեստորաններում ապօրինի կերպով գաղտնալսել էին մի քանի քաղաքական գործիչների։ Այդ ձայնագրությունների բովանդակությունը վարկաբեկում էր իշխանությանը մոտ կանգնած որոշ քաղաքական գործիչների։ Սիկորսկու հետ հրաժարական են տվել նաեւ 3 նախարար ու 3 փոխնախարար, որոնք նույնպես ներքաշված են եղել սկանդալի մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։





























