Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման:

Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով»,-նշել է նա:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: