Համաշխարհային լրատվական գործակալություններն անդրադարձել են Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելուն։ (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես գրում է Associated Press-ը, ոստիկանությունը ուժով ցրել է կենտրոնական պողոտան ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի արգելափակած ցուցարարներին եւ բերման է ենթարկել ավելի քան 200 մարդու։ «Ցուցարարների քանակն ու նրանց ցրելը մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ամենալուրջ անկարգություններն էին, որոնք նախկին խորհրդային այդ աղքատ երկրի քաղաքական կայունության հարցում մտահոգություններ են առաջ բերում։ Մի երկրում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա, եւ որը Մոսկվայի ղեկավարած տնտեսական միության մասն է կազմում»,- գրում է գործակալությունը։
Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Գործակալությունը նաեւ նշում է, որ բողոքը կազմակերպել էին երիտասարդ ակտիվիստները, որոնք որեւէ կապ չունեն քաղաքական կուսակցությունների հետ։
Գործակալությունը նաեւ հիշեցնում է, որ Հայաստանի վրա շատ է ազդել Ռուսաստանի տնտեսական անկումը, որի հետեւանքով նվազել է Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների դրամական փոխանցումների քանակը։
France-Press-ը գրում է, որ ռետինե մահակներով եւ ջրցան մեքենաներով ցույցը ցրելու հետեւանքով բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրողներին՝ ջարդելով եւ բռնագրավելով սարքավորումները։





























