ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ կատարվածին (ֆոտոռեպորտաժ):

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած   ժամը 19.30-ից տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաեւ  նստացույց  կազմակերպելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ    խափանել են  հասարակական տրանսպորտի  երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը`  դրանով իսկ  դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը;

Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական  առիթը եւ հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության  հանցակազմի հատկանիշների առերեւույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ  քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե`  նախաքննություն կատարելու համար:

Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել եւ քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ եւ դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:

Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից  հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:

Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական եւ քրեագիտական փորձաքննություններ:

Կատարվել է հարցում Երեւանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին եւ Երեւան քաղաքի վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում»:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Նշենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: