Պատգամավորները իմաստ չեն տեսնում Հայաստանի խորհրդարանի նիստերին մասնակցելու մեջ, քանի դեռ քաղաքացիները ճաղերի հետեւում են գտնվում։ Այս մասին հունիսի 23-ին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ «Քանի դեռ ազնիվ պայքար մղող մեր քաղաքացիները ճաղերի հետեւում են, չի կարելի մասնակցել քվեարկությանը։ Միանում են իմ ընդդիմադիր գործընկերներին»,-ասաց Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի լուսաբացին ՀՀ Ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին բարձրախոսով հայտարարել էր, թե նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են, եւ սպառնում է ուժ կիրառել։ Նա հորդորել էր ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։ Նա նաեւ լրագրողներին հորդորել էր հեռանալ եւ չխոչընդոտել իրենց գործողություններին։
Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել՝ ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։





























