Ջրցան մեքենաներով եւ մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա մասնավորապես նշել է.
«Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ:
Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:
Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով ինձ մոտ խորը անհանգստություն առաջացավ դեռեւս հունիսի 22-ի երեկոյան, երբ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բանակցությունները մտել էին փակուղի: Հստակ չէր, թե ովքեր են լիազորված ցուցարարների կողմից բանակցելու եւ նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր տարբեր շահերի առկայությունը: Ես մինչեւ ուշ գիշեր կապի մեջ եմ եղել թե ոստիկանության, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել ելքեր՝ խուսափելու համար բախումներից:
Մեկ անգամ եւս կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցանկացած պարագայում ցուցաբերել զսպվածություն եւ միշտ հիշել, որ չի կարող խոսք գնալ որեւէ բեւեռացման մասին`մենք բոլորս ապրում ենք նույն երկրում եւ մեր խնդիրներն ընդհանուր են:
Ինձ խորապես անհանգստացնում է մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Այս հարցում չի կարող լինել որեւէ համոզիչ բացատրություն կամ արդարացում:
Ինձ խորապես անհանգստացնում է հարյուրավոր խաղաղ ցուցարարների ոստիկանական բաժանմունքներ տանելու փաստը, եւ կարեւորագույն խնդիր է դրվում ժամ առաջ նրանց ազատ արձակումը:
Ես հիշեցնում եմ իշխանություններին, որ ջրցան մեքենաներով եւ մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Դրանով հարցերը չեն լուծվում, դրանով ընդամենը խորացվում է ներքին թշնամանքը:
Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել տնտեսության զարգացման խնդիրը : Չեմ կարող չընդգծել մեր աչքի առաջ քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդների նոր շերտի ձեւավորման միտումը, որոնց առաջնորդում է սեփական խիղճը եւ պետությանը տեր լինելու կամքը: Այս երիտասարդներն են հասարակության առողջացման եւ պետության ճիշտ զարգացման շարժիչը:





























