Հեռահաղորդակցության միջազգային միությունը (International Telecommunication Union, ITU) օրերս հրապարակել է հերթական զեկույցը՝ վարկանշավորելով երկրները ըստ տեղեկատվական- հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման համաթվի։ Ըստ այդ համաթվի՝ Հայաստանն այս տարի զբաղեցրել է 88-րդ տեղը (նախկին` 89-րդի փոխարեն), Ադրբեջանը՝ 81-րդ, իսկ Վրաստանը 80-րդն է: Այդպիսով, միջազգային այդ կառույցի գնահատմամբ՝ Հայաստանը ՏՀՏ զարգացման համաթվով  դեռեւս հետ է մնում իր հարեւաններից:

Հայկական լրատվամիջոցներում զեկույցը, տարօրինակորեն, տարաբնույթ եւ իրարամերժ տվյալներով ներկայացվեց։ Առավել ամբողջական պարզաբանումներ ստանալու համար NEWS.am- Ինովացիայի թղթակիցը զրուցեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հետ։ 

Հերգնյանի խոսքով՝  2010 թվականի զեկույցում արտացոլված են հիմնականում 2008 թվականների տվյալները: «Ամբողջ աշխարհում այդ բոլոր ցուցանիշների եւ տվյալների հավաքագրումը բավականին երկար ժամանակ է պահանջում, ուստի դրանց հրապարակման ժամանակ զեկույցում արտացոլվում են նախորդ 1-2 տարիների պատկերը»,-ասաց Հերգնյանը, հավելելով, որ եթե հայաստանյան հեռահաղորդակցական ոլորտի վերջին զարգացումները ներառված լինեին այդ  զեկույցում, Հայաստանն ավելի լավ տեղ կգրավեր:

«Իսկապես վերջին 1-2 տարում հայաստանյան հեռահաղորդակցական ոլորտում բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունեցել, եւ 2 տարի անց, երբ նոր զեկույց հրապարակվի, Հայաստանն այդտեղ շատ ավելի լավ դիրքերում կհայտնվի»,-ասաց Հերգնյանը` նշելով, սակայն, որ  իրականում գերնպատակը ոչ թե 1-2 տեղով առաջ անցնելն է, այլ աշխարհում առաջատարներից մեկը դառնալը:

«Այժմ աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում մեզնից էլ փոքր երկրներ, օրինակ, Էստոնիան, որը ՏՀՏ զարգացման ցուցանիշով 22-րդ տեղում է, մինդեռ Հայաստանը գտնվում է ընդամենը 88-րդ հորիզոնականում»,-ասաց Հերգնյանը:

ՏՀՏ զարգացման ցուցանիշն իր մեջ ներառում է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ մուտք ունենալու հնարավորությունները, դրանցից օգտվելու աստիճանը եւ տեղեկատվական- հաղորդակցական ունակությունները կամ գիտելիքները: Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ մուտք ունենալու հնարավորությունների առումով Հայաստանը 81-րդ տեղում է եւ առաջ է անցել հարեւան Ադրբեջանից, որը 82-րդ տեղում է: Մինչդեռ այդ տեխնոլոգիաների օգտագործման առումով` Հայաստանը`122-րդ տեղում է եւ բավականին հետ է մնում  Ադրբեջանից (81-րդ տեղ) եւ Վրաստանից (69-րդ):

Հայաստանը հարեւանների նկատմամբ համեմատաբար լավ դիրքեր ունի տեղեկատվական- հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գների զամբյուղի համաթվով, որը ցույց է տալիս, թե որքանով են հեռահաղորդակցական տեխնոլոգիաները (ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, բջջային հեռախոսակապ եւ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն) մատչելի: Ըստ այդ ցուցանիշի` Հայաստանում ՏՀՏ տեխնոլոգիաները ավելի մատչելի են, քան Ադրբեջանում ու Վրաստանում, բնականաբար հաշվի առնելով բնակչության  եկամուտները: Այս ցուցանիշով Հայաստանը 94-րդ տեղում է, Ադրբեջանը` 99-րդ, իսկ Վրաստանը` 110-րդ` աշխարհի 161 երկրների շարքում:

Ըստ զեկույցի` աշխարհի բնակչության 67 տոկոսը օգտվում է բջջային հեռախոսներից (այս ցուցանիշը ներկայացնում է բաժանորդագրումները, որն իր մեջ պարունակում է կրկնակի հաշվառում), մինչդեռ ֆիքսված հեռախոսներից օգտվում է աշխարհի բնակչության ընդամենը 17 տոկոսը:

Հետաքրքիր է նաեւ, որ ինտերնետ օգտագործողների մասնաբաժինը 2007 թվականից սկսած, նույնպես գերազանցել է ֆիքսված հեռախոսակապ ունեցողների թիվը: Ներկայում աշխարհի բնակչության 25 տոկոսն օգտվում է ինտերնետից: