Սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան անհայտ անձինք երկու պայթուցիկ են գործի դրել Մայնի Ֆրանկֆուրտի առևտրային փողոցներից մեկում։ Այս մասին, հղում անելով ոստիկանական աղբյուրներին, հայտնում է Bild-ը։

Դեպքի ահազանգը ստացվել է ժամը 04:20-ի սահմաններում։ Պայթյուններից մեկը տեղի է ունեցել կրպակի, իսկ մյուսը՝ խանութի հարևանությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հատկանշական է, որ շաբաթվա սկզբին քաղաքում 24 ժամվա ընթացքում արդեն իսկ երեք պայթյուն էր որոտացել, ինչի առթիվ ձերբակալվել էր Նիդեռլանդների 15-ամյա մի քաղաքացի։

Իրավապահները հակված են կարծելու, որ որ պայթյունները կապված են կազմակերպված հանցավորության հետ։