Հայաստանի ոստիկանությունը կրկին սպառնում է ուժ կիրառել: (ֆոտոռեպորտաժ)

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ:

Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:

Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց եւ անհնազանդության դրսեւորումներից:

Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների եւ անվտանգության ապահովման համար:

Կազմակերպիչներին հորդորում ենք` քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:

Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք եւ պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլեւ երկրի անվտանգության եւ ապագայի համար»: