Սպորտն ու մարդու իրավունքները երկու տակառ նավթով վաճառեցին Բաքվին: Այս մասին իր կայքում գրել է Եվրախորհրդարանի եւ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն: Նրա հայտարարությունում ասված է.
«Բաքվում անցկացվում են Եվրոպական առաջին խաղերը: Այդ երկիրը բավականաչափ փող ունի: 6.400 մարզիկներ, 20 մարզաձեւ: Ով գիտի, արդյո՞ք դրանց շարքում չի ներառվի նավթային տակառների կամ հազար խորանարդ մետր գազի նետումը: Ինձ թվում է՝ միայն դրանք են հետաքրքրում այս խորհրդարանում եւ դրա սահմաններից դուրս գտնվողներից շատերին:
Ցավոք, շատերը մոռանում են, որ Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, սակայն չի հետեւում դրա տարրական դրույթներին: Ցավոք, մոռացել են ե՛ւ Ռասուլ Ջաֆարովի, ե՛ւ «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Գեորգիա Գոգիայի մասին, որին արգելեցին մուտք գործել Ադրբեջան եւ թողեցին օդանավակայանում: Ցավոք, շատերը մոռացել են նաեւ Լեյլա Յունուսի մասին, որին ձերբակալեցին 2014 թվականի ապրիլին եւ պայում են նրա ծանր հիվանդության՝ դիաբետի հետ անհամատեղելի պայմաններում:
Ոչ ժողովրդավարական ընտրություններ, ձերբակալված լրագրողներ, կտտանքներ. ցանկը կարելի է շարունակել:
Թանկագին գործընկերներ, չեմ կարծում, որ սպորտն ու մարդու իրավունքները կարելի է վաճառել երկու տակառ նավթով, ոչ էլ 4 հազար խորանարդ մետր գազով: Եվրոպան ոչինչ չարեց, որպեսզի Ադրբեջանից պահանջի արձագանքել այս ամենին, որպեսզի հետո այդ խաղերն անցկացնեն արդեն լուրջ մակարդակով: Եթե հիմա մենք լուռ նստենք, կսատարենք անպատժելիության գաղափարը, կսատարենք նրանց համոզմունքը, որ մեր արժանապատվությունը, մեր արժեքները կարելի է գնել»:





























