Բաղրամյանի պողոտայում ցուցարարները ոստիկաններին ջուր են առաջարկում: Երկու երիտասարդներ ջրի մեծ շշերով անցել են ոստիկանական շղթայի երկայնքով եւ նրանց բոլորին հերթով ջուր առաջարկել: Ոստիկանները հարգալից հրաժարվում էին: Մի քանի րոպե անց ոստիկաններին կանաչ խնձորներ հյուրասիրեցին, որից նույնպես ոստիկանները հրաժարվեցին (ֆոտոռեպորտաժ):
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը: Ուժային գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 05.25-ին: Ոստիկանություն բերման էին ենթարկվել 237 ակտիվիստներ, այդ թվում լրագրողներ:
Հունիսի 23-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, երկու ժամ Ազատության հրապարակում անցկացնելուց հետո, ցուցարարները որոշեցին նորից երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա եւ նստացույց հայտարարել:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























