Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործում շրջադարձ է եղել: Ինչպես հաղորդում է Turan-ը, Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովը, քրեական գործից պետական դավաճանության մասն առանձնացվել է: Նրա խոսքով, նախաքննությունն ավարտվում է եւ մոտ ժամանակներս գործը կուղարկվի դատարան, որը կքննի միայն տնտեսական հոդվածներով մեղադրանքները:
Ինչ վերաբերում է «պետական դավաճանության» հոդվածին, այն կամ պետք է կարճվի, կամ առանձին քննություն իրականացվի: Որոշումը կայացնելու է քննչական մարմինը:
Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (հայրենիքի դավաճանություն), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Նրա ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (հայրենիքի դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով:
Ներկայումս Լեյլա Յունուսը գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Իրավապաշտպանը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:





























