Ոստիկանությունը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում վանդակաճաղեր տեղադրեց, որից հետո նոսրացրեց շղթա կազմած ոստիկանների թիվը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են վանդակաճաղեր տեղադրվում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Անվտանգության համար: Դա նորմաալ երեւույթ է, ինչ կա՞ որ»:

Նշենք, որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, ցուցարարները ոչ մի կերպ չեն համաձայնում վերադառնալ Ազատության հրապարակ: Ցուցարարների թիվը գնալով աճում է:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը: Ուժային գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 05.25-ին: Ոստիկանություն բերման էին ենթարկվել 237 ակտիվիստներ, այդ թվում լրագրողներ:

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, երկու ժամ Ազատության հրապարակում անցկացնելուց հետո, ցուցարարները որոշեցին նորից երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա եւ նստացույց հայտարարել:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: