Դժվար է միանշանակ ասել, թե որքանով էր վճռորոշ «Կենդանի պատ» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում առանց բռնութան գիշեր ունենալու հարցում, բայց որ այն որոշակի զսպող նշանակություն ունի, ակնհայտ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է հուսալ, որ այսօր էլ կգտնվեն բավարար թվով կամավորներ՝ պատգամավոր, մտավորական, փաստաբան, լրագրող՝ Բաղրամյան պողոտան բռնությունից զերծ պահելու համար:

Կրկին անգամ արժե ընդգծել, որ նախաձեռնությունը ունի միայն մեկ կարգախոս եւ նպատակ՝ ոչ բռնությանը եւ որեւէ կերպ չի կարող էլ. էներգիայի թանկացման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ղեկավարելու, ուղղորդելու հավակնություն ունենալ»,-նշել է նա:

Նշենք, որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, ցուցարարները ոչ մի կերպ չեն համաձայնում վերադառնալ Ազատության հրապարակ: Ցուցարարների թիվը գնալով աճում է:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը: Ուժային գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 05.25-ին: Ոստիկանություն բերման էին ենթարկվել 237 ակտիվիստներ, այդ թվում լրագրողներ:

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, երկու ժամ Ազատության հրապարակում անցկացնելուց հետո, ցուցարարները որոշեցին նորից երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա եւ նստացույց հայտարարել:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: