Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի գործով վարույթը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:
Նա նշեց, որ ընդամենը երեկ է տեղեկացել, որ իր պաշտպանյալի մասով վարույթը կարճվել է անբավարար ապացույցների պատճառաբանությամբ: Փաստաբանն ասաց, որ դեռ որոշումը չի ստացել, չի կարող որեւէ գնահատական տալ:
Նշենք, որ այս գործով դեպքից օրեր անց կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որին սակայն 2013թ.-ի վերջին ազատ էին արձակել:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։





























