Միջպետական մայրուղու Աբովյան - Նոր Գեղի – Եղվարդ - Աշտարակ 12 կմ երկարությամբ հատվածում կատարվում են ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տեղամասերից մեկում տեղադրվում են հարթեցնող ասֆալտե շերտը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ասաց, որ հարթեցնող շերտը տեղադրելուց հետո կփռվի ասֆալտբետոնե ծածկ:

Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին որպես պատվիրատու հետեւում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Ճանապարհի վերակառուցման համար օգտագործվող տեխնիկայի քանակը, ըստ պատասխանատուների, լիովին բավարար է աշխատանքները որակով եւ ժամանակին կատարելու համար:

Ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների որակը ստուգում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերությունը: Կազմակերպության տեխհսկիչ Հունան Հարոյանը փաստեց, որ թերություններ չեն գրանցել:

«Հունիսի մեկից՝ աշխատանքների մեկնարկի հետ մենք իրականացնում ենք հսկողություն, որակի խախտման, աշխատանքների թերացման որեւէ դեպք չենք արձանագրել»,- նկատեց Հունան Հարոյանը:

Ճանապարհի այլ հատվածներում ընթանում են ջրահեռացման համակարգերի, մայթերի վերականգնման աշխատանքներ: Շինարարները վերանորոգում են նաեւ Նոր Գեղիի հիմնական դպրոց տանող ճանապարհը:

Համաշխարհային բանկի կողմից «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով ֆինանսավորող ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 1մլդ 108 մլն դրամ:

Աշխատանքների վերջնաժամկետը 2016թ. հունիսի 25-ն է, սակայն հնարավոր է այս տարվա ավարտին ճանապարհահատվածը շահագործման հանձնվի եւ ոչ միայն այս մեկը:

«Հանրապետությունում համաշխարհային բանկով իրականացվող գրեթե բոլոր ճանապարհահատվածների վերանորոգումները նախատեսված է իրականացնել երկու տարում:

Սակայն մեծ թափով են ընթանում աշխատանքները, եւ հուսով եմ, որ գրեթե 80-90 տոկոսով աշխատանքներն ավարտին կհանձնվեն այս տարի»,- նշեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: