Երեւանում ջրցան մեքենաներով եւ մարդկանց, այդ թվում՝ լրագրողներին ծեծելով ցույցը ցրելը հանգեցրեց նրան, որ Երեւանում ցուցարարների քանակը աճեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Դա խաղաղ նստացույց է։ Ոստիկանությունն իրավունք ունի ցրել եւ բերման ենթարկել մարդկանց առանց ավելորդ ուժ կիրառելու։ Իրավիճակը չպետք է քաղաքականացվի արտասահմանյան լրատվամիջոցների կամ կառավարությունների կողմից»,- գրել է Թանկյանը։
Նրա խոսքով՝ ակցիաները հայ բնակչության զգալի մասի տնտեսական մարգինալացման ոչ քաղաքական արձագանքն է։ Երաժիշտը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի իր քաղաքացիների տնտեսական իրավիճակը բարելավելու համար եւ լուծի այս եւ այլ խնդիրները։





























