Հայաստանում ստեղծված իրավիճակի ելք գտնելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել ակտիվիստների եւ իշխանությունների միջեւ։ Այս մասին հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների սխալ քաղաքականության շարունակումը կարող է հանգեցնել երկրի կործանմանը։ «Ողջ այս ընթացքում գտնվելով Բաղրամյան պողոտայի վրա՝ ես պետք է նշեմ, որ մենք հիանալի երիտասարդություն ունենք»,- ընդգծեց պատգամավորը։ «Կենդանի պատի» ստեղծելու գաղափարը, ըստ նրա, շատ լավն էր եւ որ ամենակարեւորը՝ արդյունավետ։ «Գիշերը բավականին հանգիստ է անցել, չնայած սկզբում իրավիճակը լարված էր։ Շոու բիզնեսի ներկայացուցիչներից եւ քաղաքական գործիչներից կազմված շղթան կազմվել էր, որպեսզի խուսափենք ուժ կիրառելուց, եւ այդ շղթան արդարացրեց իր վրա դրված գործառույթը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ «կենդանի պատի» մասնակիցները չեն մասնակցելու ակտիվիստների եւ իշխանությունների միջեւ բանակցություններին, քանի որ նրանց խնդիրը հնարավոր բռնությունը կանխելն է։
Անդրադառնալով ցույցի հնարավոր արդյունքներին՝ Պողոսյանը նշեց. «Արդյունքը կախված է նրանից, թե որքան ճիշտ մենք կպլանավորենք մեր գործողությունները եւ ինչ համառությամբ կկատարենք մեր առջեւ դրված խնդիրները։ Մի կողմից ցուցարարների պահանջը բավական հստակ է եւ թափանցիկ, իսկ մյուս կողմից՝ իշխանությունները պետք է ընդունելի ելք գտնեն ստեղծված իրավիճակից»։
Արտասահմանյան մամուլի արձագանքների մասով Թեւան Պողոսյանը նշեց, որ ամեն երկիր կատարվածը իր օգտին է մեկնաբանում։ «Հենց դրա համար մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի խուսափենք մեր ներքին գործերին կողմնակի ազդեցությունից»։





























