Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում իշխանությունների եւ ցուցարարների միջեւ համաձայնություն ձեռք կբերվի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Մենք ուշադիր հետեւում ենք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հույս ունենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի սահմաններից: Մեր տվյալներով, կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների պահանջի առնչությամբ որեւէ փոխզիջումային լուծում կգտնվի»,- ասել է նա եւ հավելել. «Հույս ունենք, որ հարցի լուծումը կբավարարի ինչպես ցուցարարներին, այնպես էլ իշխանություններին: Երեւանից լուրերի ենք սպասում»:
Արտաքին սադրանքի հնարավորության մասին հարցին ռուսաստանցի պաշտոնյան պատասխանել է. «Դա հարկավոր է ապացուցել: Մենք ուշադիր կուսումնասիրենք ամեն ինչ, որը նախորդել է այս իրավիճակին, բայց ես այդպիսի հապճեպ եզրահանգումներ չէի անի»,- հավելել է Գրիգորի Կարասինը:





























