ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ցուցարարների՝ Երեւանի կենտրոնում ընթացող խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։

«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ-ին անդամակցող մյուս պետությունները, պարտավորություն է ստանձնել պաշտպանել եւ հարգել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը, եւ պետք է ամբողջությամբ հարգի ցուցարարների իրավունքները»,- նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենը եւ հավելել է. «Իրավապահների գործողությունները, այդ թվում հարյուրավոր ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաներ օգտագործելը լուրջ հարցեր են առաջացնում»։

Ըստ Լինքի, խպետությունը պարտավոր է հարգել միջազգային իրավունքն ու պարտավորությունները։

«Իրավապահները պարտավոր են պաշտպանել խաղաղ հավաքների իրավունքը, եւ ոստիկանական ցանկացած ճնշում պետք է լինի օրինական, անհրաժեշտ եւ համաչափ։ Ուժի անհամաչափ կիրառման մասին ցանկացած հայտարարություն պետք է անհապաղ հետաքննվի»,- նշել է նա։

ԵԱՀԿ կայքում նաեւ նշվում է, թե էլեկտրականության 17 տոկոս թանկացման դեմ բողոը մեկնարկել է ուրբաթ օրը, երեքշաբթի առավոտյան հազարավոր մարդիկ են մասնակցել ակցիային։ Ոստիկանությունը ուժ եւ ջցաններ է կիրառել նրանց նկատմամբ, երբ արգելափակել էին մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը։ Ավելի քան 200 ցուցարարներ բերման են ենթարկել, 14 ցուցարարներ եւ 11 ոստիկաններ վիրավորվել են։ Հազարավոր ցուցարարներ նույն օրը երեկոյան շարունակել են բողոքի ակցիան։