«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը շարունակում է իր հացադուլը՝ ի աջակցություն «Ոչ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների:ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը նորմալ է:

Երեկ հացադուլը դադարեցրել են «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը: Նրանց առողջական վիճակը նորմալ է, գտնվում են առանձին խցում, ինչպես եւ նախապես ցանկացել էին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը: Ուժային գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 05.25-ին: Ոստիկանություն բերման էին ենթարկվել 237 ակտիվիստներ, այդ թվում լրագրողներ:

Հունիսի 23-ի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, երկու ժամ Ազատության հրապարակում անցկացնելուց հետո, ցուցարարները որոշեցին նորից երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա եւ նստացույց հայտարարել:

 Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: