Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը ընդունել է, որ ծայրահեղ դեպքերում ամուսնալուծությունը կարող է թույլատրելի համարվել։ Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հերթական կոլեկտիվ ունկնդրության ժամանակ։

«Կան դեպքեր, երբ ամուսնալուծությունն անխուսափելի է։ Երբեմն այն կարող է նաեւ բարոյապես անհրաժեշտ լինել, երբ խոսքը ամուսիններից առավել թույլի կամ փոքր երեխաների փրկության մասին է, որոնք բռնության զոհ են դարձել»,- պարզաբանել է պոնտիֆիկոսը։

Այս ելույթը դիտորդները կապում են ընտանեկան իրավունքի եւ բարոյականության շուրջ եկեղեցական շրջանակներում տարվող ակտիվ քննարկումների հետ։ Ընտանիքի առջեւ կանգնած մարտահրավերները, նրա կոչումն ու առաքելությունը հրապարակված Աշխատանքային փաստաթղթի հիմնական թեմաներն են դարձել, որը ուղղվել է Եպիսկոպոսների սինոդի՝ ընտանիքին նվիրված 14-րդ Գլխավոր Ասամբլեային, գրում է ՏԱՍՍ-ը։