Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ կոչ է արել Եվրոպան պաշտպանել պառակտումից ինչպես արեւմուտքում, այնպես էլ արեւելքում:
Այցի առաջին օրը պաշտոնական ընդունելության ժամանակ թագուհին հայտարարել է, որ ինքն ու Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը տեսել են Եվրոպայի ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակները եւ հավելել. «Մենք պետք է լարված աշխատենք, որպեսզի պահպանենք հետպատերազմական ձեռքբերումները»:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Բուքինգեմյան պալատը հերքել է ենթադրությունները, թե թագուհու մեկնաբանությունները կարող են որեւէ առնչություն ունենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա հանրաքվեի հետ:
«Դա կապ չունի Եվրամիության հետ: Թագուհին ապաքաղաքական է: Նա երբեք քաղաքական հայտարարություններ չի արել»,- ասել է պալատի ներկայացուցիչը:
Դաունինգ-սթրիթում հայտարարել են, որ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մնալու պայմանների հարցն ավելի վաղ քննարկվել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների ժամանակ:
Հանրաքվեի անցկացման մասին որոշումը բրիտանական խորհրդարանն ընդունել է հունիսի 10-ին:





























