Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անդառնալի գործընթաց է: Այս մասին Չեխիայի իր գործընկեր Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բազմաթիվ երկրներում այդ հարցով քննարկումներն անցկացվում են խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ: Միաժամանակ, նախարարը բարձր գնահատեց մի շարք երկրների ղեկավար շրջանակների հայտարարությունները, այդ թվում՝ Գերմանիայի եւ Բելգիայի:
Չեխիայի ԱԳ նախարարն իր հերթին նշեց, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր եւ հնարավորություն է ունեցել ծանոթանալ այդ ողբերգությանը: Նրա խոսքով, Չեխիայի դիրքորոշումը հստակ կերպով արտահայտվել է Հայաստանի նախագահի՝ Պրահա այցի ընթացքում: Չեխ պաշտոնյան վստահ է, որ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջը պետք է պատմական դաս լինի:





























