Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության մի մասն է կազմում։ Եվ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին ԵՄ-ի հետ գործընկերության նոր համաձայնագրի հարցում։ Այս մասին NEWS.am-ի եւ «Արմենպրես»-ի թղթակիցների հետ զրույցում ասաց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը, ով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով գտնվում է Հայաստանում։
Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝ Հայաստանի եւ Եվրամիության հեռանկարների մասին հարցին, չեխ պաշտոնյան նշեց. «Հնարավոր է, որ դա այն հարցն է, որը դուք պետք է լուծեք ձեր կողմից։ Ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիր կնքելու հարցում ձեր երկրի քաղաքական գործիչների հետաքրքրությունը, եւ, հնարավոր է, դա է պատճառը, որ ես այսօր այստեղ եմ»։
Զաորալեկը նաեւ գոհունակություն հայտնեց Երեւանում Չեխիայի դեսպանատուն բացելու կապակցությամբ։ «Չեխիայի Հանրապետությունը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ մենք վստահ ենք, որ Հայաստանը մեր պատմության մասն է»,-նշեց Չեխիայի արտգործնախարարը։





























