Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով, որ Գերմանիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար՝ վարչապետը բարձր է գնահատել դիվանագետի անձնական ներդրումը հայ-գերմանական կապերի ակտիվացման ու սերտացման գործում:

Դեսպան Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ եւ´ ԱԺ նախագահի, եւ´ վարչապետի պաշտոնում կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները եւ նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Դիվանագետը նշել է, որ Գերմանիան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը եւ համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերություններն այսուհետ եւս դինամիկ կզարգանան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ ընթացիկ ծրագրերի շուրջ: