Այսօր, հունիսի 25-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ քննարկման ձեւաչափում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցեց 2 կարեւոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽ ԽՎ-ի հետ համագործակցության եւ ՀՀ խորհրդարանի` ,, Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների,, միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները:

Մինչ այդ իր ելույթում տիկին Նաղդալյանը հարկ համարեց հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը`որակելով վերջինիս խոսքերը ամբողջությամբ մտացածին եւ կեղծ: Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով դա Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլեւս հաստատված հիմք: Միեւնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը փաստեց ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված պրակտիկան` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵԴ  այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:

ԱԺ փոխնախագահի ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ`

«Կարճ արձագանք իմ ադրբեջանցի գործընկերոջը. որեւէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը: Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանը Ադրբեջանին շարունակ կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երեւույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջանցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին:

Հարգելի գործընկերներ,

Երկու ուղերձ ունեմ, որոնք կցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը:

Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով` ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունը ապագայի մասին է,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության`կառուցելու իրենց երկիրը համագործակցելով այս մարմնի հետ ` նրա սկզբունքների եւ արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են: Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց Հանրապետության կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է  ժառանգական ավտորիտար ռեժիմը: Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների` լիարժեք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի`իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու եւ ամրապնդելու համար:

Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաեւ քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին` խնդրում եմ, ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը եւ կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:

Մեր Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները եւ օրենքի գերակայությունը: Եվրոպայի խորհուրդը ունի նման փորձ Եվրոպայի եւ աշխարհի այլ հատվածներում: Եկեք որոշ ժամանակով մոռանանք երկակի ստանդարտները,  եւ  թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այլ համապատասխան փաստաթղթերով:

Իմ երկրորդ ուղերձն առնչվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությանը:

Դուք տեղյակ եք, որ այս տարի նշվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:  Մենք շնորհակալ ենք այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին եւ զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարեւոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, եւ որ միջազգային հանրությունը եւ մեր ընկերները կանգնած են մեր կողքին:

Հարյուր տարի անց աշխարհը ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ: Ժողովրդի կողմից ընտրված լինելով , մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավետ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում:

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է  «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ:  Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաեւ, ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` միասին այս աշխարհը դարձնելու ապահով ու ավելի  լավ վայր: