ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են վերաբաշխել վերջին երկու տարում Իտալիա եւ Հունաստան հասած 40 հազար միգրանտներին: Այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ԵՄ գագաթաժողովի արդյունքներով: Նրա խոսքով, ՆԳ նախարարները մինչեւ հուլիսի վերջը կմշակել այդ ծրագրի դետալները:

Երկրները միգրանտներին կբաշխեն կամավորության սկզբունքով, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հետագայում կվերաբաշխվեն եւս 20 հազար միգրանտներ:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ 40 հազարը փոքր թիվ է, բայց դա միայն առաջին քայլն է:

«Ծրագիրը կարող էր ավելի հավակնոտ լինել, բայց ցանկացած դեպքում սա առաջին քայլն է եվրոպական քաղաքականության ճանապարհին, ոչ թե առանձին անդամ երկրների քաղաքականությունն է»,-ասել է նա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քննարկման համար առիթ է դարձել Միջերկրական ծովով Իտալիա եւ Հունաստան ժամանած միգրանտների խնդիրը: Իտալիան ավելի վաղ առաջարկել էր ԵՄ բոլոր 28 երկրների միջեւ ավելի հավասարաչափ բաշխման մեխանիզմ ներդնել: