ԱՄՆ Պետդեպարտամենտը մարդու իրավունքների մասին իր ամենամյա հաշվետվության մեջ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին։
Ինչպես գրում է contact.az-ը, Ադրբեջանի մասով Պետդեպն առանձնացրել է մարդու հիմնարար իրավունքների՝ խոսքի ազատության, հավաքներ կազմակերպելու, աշխատանքային իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերում լուրջ խնդիրների առկայությունը։ Տարվա ընթացքում քաղաքացիների վրա ճնշում է գործադրվել, պահպանվել է վախի մթնոլորտը, ազատազրկումները, կասկածելի մեղադրանքները եւ իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ուժ կիրառելու փորձը։ Իշխանություններն օրենքն օգտագործում են ակտիվիստների եւ ՀԿ-ների ազատությունների ոլորտը սահմանափակելու համար։
Իշխանությունները դատական համակարգն օգտագործում են խաղաղ բնակչությանը ճնշելու եւ կամայական կալանքներ իրականացնելու համար։
Պետդեպի զեկույցը նաեւ նշում է բանակում զինծառայողների եւ բանտում կալանավորների նկատմամբ ֆիզիկական խոշտանգումների դեպքերը։
Իրավապաշտպանները հայտնում են անվտանգության մարմինների դեմ 324 բողոքի մասին, որոնցից 4-ի դեպքերում խոշտանգումները մահացու ելք են ունեցել։ Դատարանները շարունակում են կոռումպացված մնալ եւ կախած են գհործադիր իշխանություններից։ Քաղբանտարկյալների վճիռների մեծ մասը իրավաբանորեն հիմնավորված եւ ապացուցված չի եղել։ Կառավարությունը պնդում է, թե իր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Սակայն տեղական եւ միջազգային ՀԿ-ները հայտնում են, որ նրանց թիվը հասնում է 24-135-ի։ Երկրում 12 լրագրող եւ բլոգեր կալանքի տակ է գտնվում։





























