ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստին հոսանքի թանկացումը ու ակցիաները չեն քննարկվել:

Օրերս Մոսկվայում կայացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձ չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին: Այս մասին հայտնել է ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը:

Նա նշեց, որ դա եղել է տնօրենների խորհրդի հերթական նիստը, օրակարգում ընդգրկված են եղել տարբեր հարցեր՝  տնօրենների խորհրդի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ընտրություն, 2015թ. 1-ին եռամսյակի բիզնես պլանի կատարման և ներդրումային ծրագրի կատարման հաշվետվություններ:

Ինչ վերաբերում է այս օրերին Մոսկվայում գտնվող ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, ապա, ըստ մամուլի խոսնակի, նա տեղյակ է հայաստանյան զարգացումներից, ՀԷՑ-ի դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին հայտնի է եւ այն անփոփոխ է: