Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո քաղավիացիայի ոլորտը զարգանալու փոխարեն հետընթաց է արձանագրել: Այս մասին նշվել է ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, որը կայացել է հունիսի 25-ին:

Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցի քննարկմանը մասնակցել են նաեւ ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները ոլորտի խնդիրների վերաբերյալ եւ հանդես եկել մի շարք առաջարկներով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ենթահանձնաժողովի անդամներին առաջարկել է կազմակերպել եւս մեկ քննարկում, հստակեցնել առաջարկները, որից հետո Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ վարչապետին՝ հանդիպելու եւ վերջինիս հետ քննարկելու ոլորտի խնդիրներն ու ներկայացվող առաջարկները:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի վերջին հարցը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը, ներկայացրել է ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկման է դրվել ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստում, սակայն քննարկումն ամբողջական չի եղել, քանի որ հակառակ կողմը, որը հրավիրված է եղել նիստին, չի ներկայացել եւ պարզաբանումներ չի տվել իր առաջարկի մասին:

Այնուհետեւ Գրիգոր Ազիզյանը, ներկայացնելով Կոնցեսիոների կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ լուսանկարները, հայտարարել է, որ այն, ինչ առաջարկում է Կոնցեսիոները, խաթարում է հին ուղեւորային համալիրի ամբողջական տեսքը, սակայն կա իրատեսական հնարավորություն այն վերաշահագործելու՝  առանց շենքը քանդելու, փոխարենն այն ամրացնելու միջոցով, ինչը ոչ միայն կպահպանի շենքի ամբողջական տեսքը, այլեւ մի քանի անգամ առավել քիչ ծախսեր կպահանջի:

Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել ՀԽ համապատասխան մյուս ենթահանձնաժողովներում եւ քննարկումների արդյունքները ներկայացնել Հանրային խորհուրդ: