Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակասություններ չկան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ Turan գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես արդյունավետորեն աշխատում եմ իմ ռուս գործընկերոջ հետ, եւ մեր միջեւ ամբողջական փոխըմբռնում կա»,-ասել է դիվանագետը: Նա չի համաձայնել այն պնդման հետ, թե ղարաբաղյան հակամարտության հետեւում կանգնած են մեծ տերությունների շահերը:

«Ես հավատում եմ, որ եթե լինի երկու նախագահների քաղաքական կամքը, երկու երկրների ժողովուրդների աջակցությամբ, հակամարտությունը կլուծվի»,-նշել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը խուսափել է ուղիղ մեկնաբանել այն պնդումը, որ եթե չլիներ Ռուսաստանը, հակամարտությունը լուծված կլիներ՝ նկատելով, որ չէր զբաղվի հակամարտության կարգավորմամբ, եթե չհավատար լուծման հնարավորությանը: «Ես սկսեցի զբաղվել այս գործով պետքարտուղար Քերրիի խնդրանքով, որը հավատում է կարգավորմանը»,-ասել է Ուորլիքը: