Կաշառք վերցնելու մեջ համար 3.5 տարվա ազատազրկման դատապարտված՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի փաստաբանը չի բողոքարկելու առաջին ատյանի կայացրած որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու չեն բողոքարկել դատավճիռը:
Նշենք, որ գործով դատախազն 9 տարվա ազատազրկում էր պահանջում: Մայիսի 12-ին Ավան եւ Նորք Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտել զինկոմին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:
Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:





























