ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարները հրաժարվում են հրապարակել իրենց եկամուտները, թեեւ դա օրենսդրության պահանջն է:

ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԿԲ նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները առաջադրվելիս եւ նշանակվելիս, իսկ նշանակումից հետո՝ յուրաքանչյուր տարին մեկ պարտավոր են հրապարակել տեղեկատվություն իրենց եկամտի աղբյուրների, ինչպես նաեւ իրենց եւ իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին։ Օրենքում հստակ նշված է «պարտավոր են հրապարակել տեղեկատվություն» արտահայտությունը, իսկ «հրապարակում» բառը ենթադրում է մարդկանց տեղեկացում, համենայնդեպս՝ հասանելի տեղեկատվության ապահովում։ Ելնելով դրանից՝ NEWS.am-ը փորձեց պաշտոնական նամակի միջոցով պարզել, թե արդյոք, օրենքով պահանջված տեղեկությունները հրապարակվո՞ւմ են, եթե այո՝ ապա որտե՞ղ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ։

Կենտրոնական բանկից ստացված պաշտոնական պատասխանում նշված է, որ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ ԿԲ նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները եւ կենտրոնական բանկի ծառայողները յուրաքանչյուր հարկային տարվա համար ներկայացնում են հայտարարագիր: Իսկ այդ հայտարարագրերի ստացման համար կառավարության կողմից մշակվել է կարգ, ուստի մեզ խորհուրդ են տվել առաջնորդվել կառավարության սահմանած ընթացակարգերով։ Այլ կերպ՝ ԿԲ-ն հաստատում է, որ իր ղեկավար անձանց եկամուտների աղբյուրները չեն հրապարակվում եւ շահերը չեն բացահայտվում, ինչպես նաեւ՝ իրենց կողմից լրատվամիջոցներին չեն տրամադրվում։

Սա, այլ կերպ` քան օրենքի կոպիտ ոտնահարում, անվանել չի կարելի։ Հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվությունը «հրապարակում» չի նշանակում, ավելին՝ հարկային մարմինը ապահովում է դրա գաղտնիությունը։  Ստացվում է, որ եթե որեւէ մեկը հարկային մարմնից չպահանջի հրապարակել ԿԲ նախագահի կամ ԿԲ մյուս ղեկավար անձանց հայտարարագիրը, դրանք այդպես էլ կմնան չհրապարակված։ Բայց չէ՞ որ Կենտրոնական բանկի մասին օրենքը հստակ սահմանում է՝ «պարտավոր են հրապարակել»: Հետեւաբար՝ հրապարակման պատասխանատվությունը ոչ թե լրագրողի վրա է, այլ հենց ԿԲ ղեկավարության։

Գուցե ոմանք առարկեն, որ 2 օրենքների միջեւ առկա են հակասություններ, այսինքն՝ սողանցք է ստեղծված հրապարակայնությունից խուսափելու համար, սակայն, իրականում, նման սողանցք չկա։ Իրականում ԿԲ ղեկավարները պետք է, այո, հարկային մարմնին ներկայացնեն իրենց եկամուտների եւ գույքի հայտարարագիրը, որն այլ ընթացակարգ է ենթադրում։ Այդ հայտարարագիրն անհրաժեշտ է` նրանց հարկային պարտավորությունները ստուգելու համար։ Բայց, ի լրումն դրա, արդեն Կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն, նրանք պետք է հրապարակեն եկամուտների եւ շահերի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ իրենց նախաձեռնությամբ, որը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Դա արվում է, որպեսզի ԿԲ խորհրդի քննարկումների ժամանակ, այս կամ այն հարցի վերաբերյալ խորհրդի շահագրգռված անդամը չմասնակցի քննարկմանն ու քվեարկությանը։ Այլապես՝ ԿԲ խորհուրդը չի կարող լիարժեք օբյեկտիվ որոշումներ կայացնել ֆինանսական ինստիտուտների գործունեությունը կարգավորելու եւ վերահսկելու առումով։ Ավելին՝ ֆինանսական շուկայի մասնակիցները նախապես պետք է իմանան, թե ԿԲ խորհրդի այս կամ այն անդամը ի՞նչ էական շահեր ունի։ Գուցե օրենքի այդ դրույթը ավելի մանրամասնելու պահանջ ունի, բայց կապել այն հարկային մարմնին ներկայացվող հայտարարագրերի հետ ու այդ հիմքով հրաժարվել տեղեկատվության հրապարակումից՝ պարզապես օրենքի կոպիտ խախտում է, հրապարակային գործելաոճից խուսափում։

 

Սամվել Ավագյան