Բաղրամյան պողոտայում հունիսի 28-ին, առավոտյան ժամը 6-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ողջ գիշեր ցուցարարները երգել, զրուցել են, քնել պողոտայում կամ հարակից տարածքում։ Ցուցարարների մի մեծ խումբ էլ ամբողջ գիշեր բուռն քննարկում էր անում բուֆերային գոտում։
Դրանից հետո նախաձեռնող խմբի անդամներից մի քանիսը զրուցեցին լրագրողների հետ, նշեցին, որ իրենց պահանջները չեն կատարվել, եւ շարունակելու են պայքարը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումների չեղարկման, ինչպես նաեւ ապօրինություններ կատարած ոստիկաններին պատժելու պահանջով։
Վերջին օրերին ձեւավորված ավանդույթի համաձայն, ցուցարարները առավոտը սկսում են աղոթքով, մարմնամարզությամբ։ Արթնացած ցուցարարների մի մասն էլ մաքրում է տարածքը։ Ցուցարարները սեւ պաստառ են կախել պողոտայի լայնությամբ, ինչպիսիք սովորաբար կախում են, երբ մարդ է մահանում՝ «Բիբին 51, ոչ թանկացմանը» գրառումով։
Այժմ որեւէ շարժ չի նկատվում նաեւ ոստիկանության շարքերում։ Գիշերը մի քանի անգամ եկել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, բայց նրանք ընդամենը շրջել եւ դիտել են տարածքը։
Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ, շոուբիզնեսի աստղեր էին եկել եւ կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, թեեւ նշենք, որ այս գիշեր նրանց թիվն անհամեմատ քիչ է եղել։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























