Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հունիսի 28-ին պարզել է 27 մարդու կյանք խլած ահաբեկչությունն իրականացրած ծայրահեղականի ինքնությունը:

«Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ֆահադ Սուլեյման Աբդել Մոհսեն ալ-Քաբաան Քուվեյթ է ժամանակ անցած ուրբաթ վաղ առավոտյան եւ սահմանը հատել օդանավակայանում: Նույն օրն էլ նա կատարել է այդ զազրելի հանցագործությունը»,- հայտարարել են ՆԳՆ-ում՝ հաղորդագրությանը կցելով նաեւ հանցագործի լուսանկարը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Քուվեյթի իշխանությունները շիաների մզկիթում ահաբեկչության կազմակերպման եւս մեկ մեղսակցի է ձերբակալել: Կալանավորվել է ավտոմեքենայի վարորդը, որը մահապարտին պայթյունի վայր է հասցրել: Նա 1989 թվականին ծնված Աբդել Ռահման Սաբահ Այդանն է, որն անօրինական բնակվում էր Քուվեյթի տարածքում:

Հայտնի է, որ ձերբակալվածը թաքնվում էր Էլ-Քուվեյթի հարավային Էր-Ռիկկա շրջանի տներից մեկում: Ոստիկանության տվյալներով, «տանտերը ծայրահեղական գաղափարների հետեւորդ է»:

Հիշեցնենք, որ մահապարտն իր մարմնին ամրացված ռումբը Էլ-Քուվեյթի կենտրոնում գտնվող շիաների մզկիթում գործի էր դրել հունիսի 26-ին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Արդյունքում 27 մարդ է մահացել, եւս 227 հոգի վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: