Ֆոլքլենդյան կամ Մալվինյան կղզիներում նավթ արդյունահանող հինգ ընկերությունների գույք է առգրավվել: BBC-ի փոխանցմամբ, որոշումը կայացրել է Արգենտինայի դաշնային դատավոր Լիլիան Հերաեսը:

Դատական որոշման հիմքն Արգենտինայի տարածքային ջրերում բնապահպանական առումով վտանգավոր աշխատանքների իրականացումն է:

Ընդհանուր առմամբ, 156 մլն դոլարի գույք է առգրավվել: Ըստ Lenta-ի, սա վերաբերում է ամերիկյան, ֆրանսիական եւ երեք բրիտանական նավթային ընկերությունների: Հորատումը սկսվել է 2010 թվականին՝ չնայած Բուենոս Այրեսի բացասական դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ Ֆոլքլենդյան կամ Մալվինյան կղզիներն Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ տարածքային կոնֆլիկտի պատճառ դարձան 1982 թվականին: Այսպես կոչված, Ֆոլքլենդյան պատերազմի արդյունքում կղզիների նկատմամբ վերահսկողությունը մնաց Լոնդոնին: Կղզիների տարածքում նավթի հայտնաբերումը սրեց տարածքային վեճը: