«Հայաստանի էլեկտրացանցեր»-ի ազգայնացման հարցը հնարավոր կլինի լուծել միայն աուդիտից հետո։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նախարարը նշել է, որ դեռեւս դժվար է ասել, թե որքան կտեւի աուդիտը։ Դիտարկմանը, թե շատերը մատնանշում են, որ էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքը հնարավոր է փակել նախարարի անձնական խնայողություններից, Զախարյանը պատասխանեց. «Ես նման հարցերին լուրջ եմ վերաբերվում եւ ձեզ էլ եմ նույնը խորհուրդ տալիս»։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























