Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի վերելակը, որում մնացել էին բնակիչները, որեւէ խնդիր չունի, այն սարքին է եւ անցել է փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց , Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը

Նա նշեց, որ այդ վերելակի հետ կապված խնդիր չի եղել, մարդիկ մնացել են մեջը, դռները ներսից  բացել են, որ դուրս գան, վերելակը թեքվել է, բարեբախտաբար, անվտանգության համակարգը աշխատել է եւ որեւէ միջադեպ չի եղել: «Նորմալ վերելակ է, որեւէ խնդիր չի ունեցել, պարանը չի պոկվել, մարդիկ են մնացել ներսում, դռները ներսից բացել են, վերելակը «ռոլիկներից» շեղվել է, անվտանգության համակարգը գործել է, որեւէ խնդիր չի եղել, փրկարարները գնացել են, դուրս բերել քաղաքացիներին»,-ասաղ Վլադիմիր Հովսեփյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 3 քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով երեխան (1 տարեկան) դուրս է բերվել վերելակից: Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս.-ին (1976 թ.) եւ Հ.Հ.-ին (1970 թ.) դուրս են բերել վերելակից: