Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեին է վերադարձրել հունիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի նյութերը:

«Սյունիքի մարզպետի գործը դատախազությունը վերադարձրել է քննչականին, որովհետեւ քննչականն է նախաքննություն իրականացնում, ոչ թե դատախազությունը: Սյունիքի մարզպետի որդու գործ կլինի, կամ որեւէ այլ անձի գործ, դատախազությունը քննություն չի իրականացնում, այլ ընդամենը հսկողություն է սահմանում քննության օրինականության նկատմամբ»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նշենք, որ այս գործով վերսկսվել և շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները, էական նշանակություն ունեցող նոր անձինք են հրավիրվել հարցաքննության:

Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։

Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով: