Անցյալ շաբաթ, երբ սենատորներն իրենց աննախադեպ որոշմամբ խափանեցին ԱՄՆ նախագահի կողմից առաջադրված դեսպանների թեկնածությունը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ հայտնվեց: Անտեսելով բոլոր նախազգուշացումները, որ Սենատում Բաքվի եւ Անկարայի համար առաջադրված թեկնածուներ Մեթյու Բրայզան եւ Ֆրենսիս Ռիկիարդոնեն լուրջ ընդդիմության են հանդիպելու, վարչակազմը դրսեւորեց փորձառության եւ առողջ դատողության իսպառ բացակայություն:

Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը եւ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրոք համաձայնել էին այդ երկու թեկնածուներին արագորեն դեսպան նշանակել՝ նախքան Սենատի անդամների ամառային արձակուրդ մեկնելը, մինչեւ սեպտեմբերի կեսերը: Բրայզան այնքան ինքնավստահ էր, որ ստանձնելու էր Բաքվում իր նոր պաշտոնը օգոստոսի սկզբներին, որ անգամ պատրաստություններ էր տեսել Վաշինգտոնում իր բնակարանը վարձակալության տալու համար:

Ի տարբերություն հրապարակված զեկույցների, ամերիկահայ համայնքը Բրայզայի թեկնածության քննարկման ժամանակ բարձրացրել է հետեւյալ հարցը.

Արդյոք, Բրայզան կարո՞ղ է ԱՄՆ շահերը պատշաճորեն ներկայացնել Բաքվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեկնածուի սուր քննադատությունը պայմանավորված էր ինչպես նրա, այնպես էլ նրա` թուրքական ծագում ունեցող, Հուդսոնի ինստիտուտի աշխատակից կնոջ կողմից պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ մեղադրանքների առկայությամբ: Բրայզա ամուսիններին քննադատեցին ադրբեջանցի եւ թուրք պաշտոնյաների հետ ունեցած «չափազանց ջերմ» կապերի եւ Ստամբուլում կայացած նրանց հարսանիքի առիթով այդ անձանցից ստացած նվերների համար:

Մեթյու Բրայզայի հաստատման համար անցկացված լսումների ժամանակ նրա խուսափողական եւ անբավարար պատասխանները դրդեցին սենատոր Բարբարա Բոքսերին, հանձնաժողովի նախագահ սենատոր Ջոն Քերիից խնդրել մինչեւ սեպտեմբերի կեսերը հետաձգել նրա հաստատումը: Այդ ընթացքում, Միացյալ Նահանգների պաշտոնյաները եւ ուրիշներ հնարավորություն կունենան հանգամանորեն ուսումնասիրել հանձնաժողովում լսումների ժամանակ ծագած հարցերը: Եթե սենատորները գտնեն, որ Բրայզային ներկայացված մեղադրանքները բավարար հիմնավորում չունեն նրա թեկնածությունը մերժելու համար, ապա նա կարող է հաստատվել որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Սակայն, եթե խախտումներն առկա են, ապա ավելի լավ է, որ դրանք ի հայտ գան այժմ, այլ ոչ թե նրան Բաքվում նշանակելուց հետո` Օբամայի վարչակազմը զերծ պահելով սկանդալային բացահայտումներից եւ դժվարություններից:

Մյուս կողմից, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնեի ընտրությունը «թղթի վրա» թվում էր կատարյալ: Նա արտաքին ծառայությունների գծով 32 տարվա մեծ փորձառություն ունի, աշխատել է որպես փոխդեսպան Աֆղանստանում, ինչպես նաեւ Թուրքիայում եւ վարժ տիրապետում է թուրքերենին:

Ցավոք, Ռիկիարդոնեի դեմ մի կարեւոր մեղադրանք կա, որը Օբամայի վարչակազմի կողմից անխոհեմաբար անտեսվեց: Նեոպահպանողականների կողմից սուր բողոքներ հնչեցին, որ 2005-2008 թվականներին Ռիկիարդոնեն Եգիպտոսում դեսպանի պաշտոնում աշխատելու ժամանակ չի կարողացել աջակցել Բուշի վարչակազմի՝ այդ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու թույլ ջանքերին: Նեոպահպանողականները գիտակցելով, որ վարչակազմը ականջալուր չէ իրենց առարկություններին, փորձեցին խափանել նրա թեկնածությունը: Սենատոր Սեմ Բրաունբակը Ռիկիարդոնեի թեկնածության վրա «կասեցում» (hold) դրեց, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նրա հաստատումից հետո՝ խափանելով նրա նշանակումը Սենատի լիագումար նիստի կողմից:  

Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Ռիկիարդոնեի քննադատները կարծում են, որ «նրա ուժեղ անհատականությունը եւ հաճախ կոպիտ խոսելաոճը վատ խառնուրդ են իրեն առաջարկված նոր պաշտոնի համար, միաժամանակ նա հակված է շատ մտերմանալու օտար թիմակիցների հետ»: Ամսագիրը նաեւ մեջբերել է American Enterprise Institute-ի փոխնախագահ Դանիելա Պլետկայի խոսքերը. «Այժմ, մեզ համար այն պահը չէ մի այնպիսի դեսպան ունենալ Թուրքիայում, որն ավելի շատ շահագրգռված է տեղական բռնակալներին ծառայել, քան ներկայացնել իր վարչակազմի շահերը»:

Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների հաստատման խափանումը գրավել է Վաշինգտոնի, Բաքվի եւ Անկարայի ուշադրությունը: Ամերիկյան, ադրբեջանական եւ թուրքական խոշոր թերթերը մեղադրել են ամերիկահայ համայնքին եւ Հայ Դատի հանձնախմբին` Բրայզայի թեկնածությունը ձախողելու համար: Վաշինգտոնում լույս տեսնող հեղինակավոր Politico ամսագիրը հաղորդում է, որ Բրայզան բախվել է «Հայ Դատի հանձնախմբի` լոբբիստական խմբի դիմադրությանը»: AzerNews Weekly-ն Բրայզայի հարցով մեղադրում է «հայկական Սփյուռքին», իսկ Թուրքիայի խոշորագույն Hurriyet թերթը հաղորդում է, որ Բրայզայի թեկնածությունը հետաձգվել է «ի պատասխան հայկական լոբբիստական խմբերի ճնշումների»:

Ըստ որոշ լրատվամիջոցների, Օբամայի վարչակազմը չի ցանկանա իր քաղաքական կապիտալն օգտագործել այս թեկնածուներին փրկելու համար: Կոլումբիայի համալսարանի Հարավային Կովկասի գծով փորձագետ Լինքոլն Միտչելը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի կարծում, թե Օբամայի վարչակազմը պատրաստվում է պայքարել ընդդեմ իր (դեմոկրատական) կուսակցության սենատորների` Բրայզային փրկելու համար: Foreign Policy ամսագրում, վարչակազմի կողմից Ռիկարդիոնեին փրկելու դժկամության մասին նման գնահատական էր տվել նաեւ Հանրապետական սենատորի մի օգնական: 

Բաքվում եւ Անկարայում ԱՄՆ դեսպանների երկարատեւ բացակայությունը համընկնում է այս երկու մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանի հետ: Հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք վճռորոշ ընտրությունների նախաշեմին Օբամայի վարչակազմի ներքին եւ արտաքին բազմաթիվ ճգնաժամերը, հազիվ թե նա կարողանա եռանդուն կերպով հետամուտ լինել իր դեսպանների նշանակմանը Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի