Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում քվեարկությունից առաջ հայ պատգամավորները իրենց կարծիքը կքննարկեն իրենց բելառուս գործընկերների հետ եւ հակառակը: Այս մասին հուլիսի 3-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով հայ պատվիրակության՝ Բելառուս կատարած այցը, որի շրջանակներում հունիսի 29-ին հայկական  կողմը մասնակցել էր հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի նիստին:

«Մեր հարաբերությունները բարեկամ բելառուս ազգի հետ բարձր մակարդակի վրա են գտնվում եւ արտահայտվում են նաեւ խորհրդարանական հարաբերություններում: Իհարկե եղել են դեպքեր, երբ մեր համագործակցությունը ամբողջովին  դաշնակցային բնույթ չէր կրում: Մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի մեր բելառուս գործընկերները մեզ հետ, իսկ մենք էլ նրանց հետ քննարկենք երկուստեք կարեւոր հարցերի շուրջ միջազգային մակարդակով քվեարկության մոտեցումները»,- նշեց Շարմազանովը: