NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Բերձոր-Ստենափակերտ ճանապարհին զինծառայողների մեքենայի վթարի ենթարկվելու դեպքի մասին: Մեզ հայտնի դարձավ, որ մեքենան 100 մետր գլորվել է ձորը, իսկ ուղեւոր զինծառայողները ծառայում են ԼՂՀ Զինված ուժերում: Դեպքի առթիվ քննությունը իրականացնում է Ղարաբաղի ոստիկանությունը:
Այսպես, մեր տեղեկություններով՝ վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Սասուն Զիրոյանն Արարատի մարզի Վեդի քաղաքից է, զինված ուժերում է 2006թվականից: Վթարի հետեւանքով զոհված մյուս զինծառայողը՝ 28-ամյա Մարատ Թադեւոսյանը Երեւանից է, նա զինված ուժերում է 2005 թվականից:
Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողներին, ապա 23-ամյա Ալիկ Պետրոսյանն Առինջից է, նա ԶՈՒ-ում է 2012 թվականից, իսկ 21-ամյա Սարգիս Գեւորգյանն Արարատի մարզի Ջրահովիտ գյուղից է, ԶՈւ-ում է 2012 թվականից:
Արարատի մարզի Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համագյուղացի զինծառայող Սարգիս Գեւորգյանի ծնողները մեկնել են ԼՂՀ: Երկու վիրավոր զինծառայողների վիճակն էլ, բարեբախտաբար, նորմալ է, ճիշտ է, կոտրվածքներ ունեն, բայց կայուն է վիճակը: Իրենց համագյուղացի Սարգիսը տան միջնեկն է, փոքր եղբայրը առաջիկա օրերին պետք է մեկնի ծառայության, ավագն արդեն ծառայել է, ինքն էլ զինվորական է, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 5-ին, ժամը 06.45-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել 23-ամյա Ա.Պ.-ին եւ 21-ամյա Ս.Գ.-ին, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաեւ վարորդ 28-ամյա Մ.Թ.-ի եւ ուղեւոր 26-ամյա Ս.Զ.-ի դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ):





























