ՀՀ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ Երեւանի Ֆուչիկի եւ Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղակայված սկավառակների վաճառակետում պոռնկագրական բնույթի տեսանյութեր են վաճառվում: Վաճառող, 48-ամյա Պետրոս Հ.-ն հունիսի 15-ին ոստիկանությանն է ներկայացրել սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ DVD ֆորմատի 12 տեսասկավառակ, որոնք վերցվել են փորձաքննության:
Պարզվել է, որ նա այդ սկավառակները ձեռք է բերել 32-ամյա Աշոտ Մ.-ից` յուրաքանչյուրը 500 դրամով եւ վերավաճառել 1.000 դրամով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում Աշոտ Մ.-ն իր բնակարանից ներկայացրել է համակարգչի պրոցեսոր, որում առկա էին սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ ֆայլեր: Այդ առնչությամբ նա բացատրություն է տվել, որ դրանք ինքը բեռնավորել է պոռնկագրական բնույթի ինտերնետային տարբեր կայքերից` ինչպես դիտելու, այնպես էլ սկավառակների վրա վերարտադրելու եւ վաճառելու նպատակով: Նա խոստովանել է նաեւ, որ իր կողմից վերարտադրված պոռնկագրական բնույթի տեսասկավառակները 500 դրամով վաճառել է սկավառակների վաճառակետի վաճառող Պետրոս Հ.-ին:
Ըստ փորձագետի եզրակացության` ներկայացված 12 սկավառակները պարունակում են պոռնկագրական բնույթի տեսանյութեր եւ Աշոտ Մ.-ի կողմից ներկայացված համակարգչի 2 կոշտ սկավառակների վրա ամրագրված են պոռնկագրական բնույթի ֆիլմեր: Կատարվում է քննություն:


























