Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանը պաշտոնից ինքնաբացարկ է հայտնել, քանի որ տեղափոխվում է ԱՄՆ մշտական բնակության: NEWS.am-ի տեղեկություններով՝ Տաթեւիկ Օհանյանն ամուսնացել է Վաշինգթոնում ապրող հայի հետ եւ տեղափոխվում է ԱՄՆ՝ մշտական բնակության:

Մեզ հաջողվեց ճշտել նաեւ, որ ԿԸՀ անդամի ընտրյալը ծրագրավորող է, ինքը՝ Տաթեւիկ Օհանյանն էլ ընդունվել է Ջորջթաունի եւ Վաշինգթոնի համալսարանների մագիստրոսական կուրսը՝ միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ:

Ի դեպ,  նրա փոխարեն 21 օրյա ժամկետում ԿԸՀ անդամի պաշտոնում թեկնածու պետք է առաջարկի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանի լիազորությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նման որոշման համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, այն է՝ ԿԸՀ անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը:

Նշենք, որ Տաթեւիկ Օհանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել 2011թ. հուլիսի 13-ին՝ հինգ տարի ժամկետով: Այսինքն նրա լիազորությունները դադարեցվել են մեկ տարի շուտ: