Անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն ներկայացնել, որը հետագայում հնարավոր կլինի կյանքի կոչել: Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Սահմանադրության տեքստը չէ ամենակարեւորը:

«Ինքս միշտ կողմ եմ եղել բարեփոխումներին, սակայն ցանկացած բարեփոխում պետք է ընդունելի լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Շատ կարեւոր են բարեփոխումներն ընտրական համակարգում, որտեղ անվստահության խնդիր կա. քաղաքացին, որը գնում է հանրաքվեի, պետք է վստահ լինի, որ արդյունքները չեն կեղծվի, ճիշտ հաշվարկներ կարվեն»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Նա մեկ անգամ եւս պնդեց, որ իր համար ամենաընդունելին կառավարման խորհրդարանական համակարգն է, սակայն միայն Սահմանադրական բարեփոխումների տեքստի հրապարակումից հետո հնարավոր կլինի կարծիք հայտնել:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ հուլիսի 15-ին կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների ամբողջական տեքստը, որից հետո քննարկումներ կլինեն քաղաքական ուժերի հետ: