Հայաստանն այս տարածաշրջանում կարող է կայունության բեւեռ համարվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով ՀՀ-ի ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցին:
Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ երկրում տեղի ունեցող ընտրությունների օրինականության տեսանկյունից իրավիճակը բավարար է: «Մեր ընդհանուր գնահատականն այնպիսին է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Թեեւ կան խնդրահարույց ոլորտներ, օրինակ, արդարադատության համակարգը, կանանց նկատմամբ բռնությունները»,-նշել է դեսպանը:
Ինչ վերաբերում Երեւանում վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, Շարպանտիեն ընդգծել է, որ ինքը հետեւել է այդ իրադարձություններին: Նրա խոսքով, ֆրանսիական լրատվամիջոցներում նույնպես այդ առթիվ բազմաթիվ հրապարակումներ են եղել: Միաժամանակ, դիվանագետը նշել է, որ այդ իրադարձությունները վերաբերում են երկրի ներքին կյանքին, հետեւաբար ինքը չի կարող դրանք մեկնաբանել: Նրա կարծիքով, համընդհանուր ցանկությունն այն է, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա:
Անդրադառնալով կոնկրետ բողոքի ակցիաներին, դեսպանը նշել է, որ «ժողովրդավարական երկրի համար նորմալ է, երբ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքն ու բողոքը». մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտելու ազատություն ունենան: «Բայց իշխանությունները պետք է միջամտեն եւ կարգուկանոն ապահովեն»,-ընդգծել է նա:





























